Armenian Church
ԻՄ ԴԵՐԸ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Հասկանալ անդամությունը
Հաղորդառու անդամներ
Գիտեի՞ք, որ Հայաստանյայց Եկեղեցին երկու տեսակի անդամություն ունի. "Հաղորդառու" անդամներ և "Ընտրող" (իմա՝ տրատու, տուրք վճարող) անդամներ: Հայկական եկեղեցում մկրտված բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները Հայաստանյայց եկեղեցու հաղորդառու անդամներ են. սա նշանակում է, որ նրանք լիակատար մուտք ունեն քրիստոնեական եկեղեցու խորհուրդների կյանքի մեջ: Մկրտվելուց ու դրոշմվելուց հետո նրանք սերտաճում են եկեղեցու կյանքի մեջ՝ մասնակցելով բոլոր մնացած խորհուրդներին՝ Ապաշխարությանը, Հաղորդությանը, Ձեռնադրությանը, Սուրբ Պսակին և Վերջին Օծմանը: Սուրբ Խորհուրդները մեր ողջ կյանքի ընթացքում մեզ առաջնորդում են դեպի Քրիստոս:
Ընտրող անդամներ
Ընտրող անդամը հաղորդառու անդամի յուրահատուկ մի տեսակն է: Նախանշված տարեկան վճարում կատարելու միջոցով ընտրող անդամը հավելյալ իրավունքներ ու արտոնություններ է ստանում: Մասնավորապես, ընտրող անդամները կարող են.
ա. Ամբողջապես մասնակցել Ծխական Համաժողովին և կարողանալ Համաժողովի ընթացքում ընտրել ու ընտրվել:
բ. Ընտրովի պաշտոն զբաղեցնել ծխական վարչական մարմնում կամ հատուկ հանձնաժողովներում:
գ. Սուրբ Խորհուրդի արարողությունների ժամանակ հատուկ զեղչեր ու մենաշնորհներ ստանալ (պսակ, մկրտություն և այլն):
դ. Սրահի կամ տարածքի վարձակալության ժամանակ օգտվել զեղչված գնացուցակներից:
ե. Ուրվագծել և քվե տալ մեր ծխի ու առաջնորդարանի վրա ազդեցություն ունեցող առաջարկներին:
Եկեղեցու մշակները
Եկեղեցու մշակն այն ընտրող անդամն է, որը եկեղեցուն օգնում է տարեկան նախանշված անդամատուրքից անդին: Մշակներն անսում են Քրիստոսի ծառաներ լինելու կանչին և աշխատում են ոչ միայն վառ պահել Քրիստոսի առաքելությունը, այլև խթանել այդ առաքելությունը՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով նշանակալի ֆինանսական օժանդակության հանձնառությամբ:
Եկեղեցու մշակի ձեր տարեկան դրամական հանձնառությունն օգնում է պահել մեր ծուխը և նպաստել դրա աճին՝ ապահովելով, որ գալիք տարիներին մեր զավակները, թոռներն ու ընտանիքները միշտ կարողանան պաշտամունքի մի վայր ունենալ, որն իրենք իրենց տունը համարեն:
Ձեր տարեկան դրամական հանձնառությունը ձեզ արտոնում է Հայաստանյայց եկեղեցուն դրամապես օժանդակելուն զուգընթաց լիովին օգտվելու ձեր ծխի զանազան սպասարկություններից:
Ընտրող անդամները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
Կարևոր որոշումների կայացում. Ծխական Համաժողովը
Թե' ընտրող և թե' հաղորդառու անդամները կարող են ներկա գտնվել ծխական համաժողովին, սակայն միայն ընտրող անդամներն իրավունք ունեն քվե տալու, առաջարկներով հանդես գալու և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու:
Ծխական Համաժողովը Հայաստանյայց Եկեղեցու Ամերիկայի Թեմի վարչական մարմիններից մեկն է՝ Թեմակալ Առաջնորդի գլխավորությամբ: Այն մեր ծխի բարձրագույն վարչական մարմինն է, որի իրավասություններն ընդգրկում են մեր եկեղեցուն առնչվող վարչարարական բոլոր ոլորտները, ներառյալ կառուցապատման/վերանորոգման նախագծերը, օգնության, կրթության հարցերը, օժանդակ կազմակերպությունները, թեմական հարցերը, ծխական ֆինանսները, ինչպես նաև ծխի երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերը: Ծխական Համաժողովի նախագահն է քահանան, իսկ ընտրող անդամների կողմից ընտրված աշխարհականը վարում է համաժողովը:
Home >> Membership